ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

«Տարածաշրջանի ներսից աշխարհին նայող և այն աշխարհի կենտրոնը համարող վերլուծաբաններն առնվազն մի քիչ սխալվել են»

«Տարածաշրջանի ներսից աշխարհին նայող և այն աշխարհի կենտրոնը համարող վերլուծաբաններն առնվազն մի քիչ սխալվել են»
22.08.2008 | 00:00

«ՎՐԱՍՏԱՆԻՆ ԶՈՒԳԱՀԵՌ ԹՈՒԼԱՑԱՎ ՆԱԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԸ»
Վրաստանում և նրա շուրջ վերջին տասնօրյակի իրադարձությունների և դրանց հնարավոր հետևանքների վերաբերյալ «Իրավունքը de facto»-ի հարցերին է պատասխանում Կովկասյան լրատվամիջոցների ինստիտուտի տնօրեն, վերլուծաբան ԱԼԵՔՍԱՆԴՐ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆԸ
-Պարոն Իսկանդարյան, Վրաստանում տեղի ունեցածը, ըստ էության, պարզ է բոլորին։ Ըստ Ձեզ, ինչպիսի՞ն է լինելու այս իրավիճակի հանգուցալուծումը։
-Ընդհանրապես այն, ինչ եղավ, ավելի կարևոր էր, քան հանգուցալուծումը։ Բայց եթե դրան ենք անդրադառնում, ապա իրավիճակի հնարավոր զարգացումը համեմատաբար պարզ է։
Ռուսական զորքերը վաղ թե ուշ Վրաստանից դուրս կգան, բացառությամբ Հարավային Օսիայի և Աբխազիայի։ Դրանից հետո կսկսվի պետական կառույցների տարրական գործառույթների վերականգնման փուլը, որովհետև Վրաստանում փլուզվել է ոչ միայն բանակը, այլև պետական համակարգն առհասարակ։ Շատ շրջաններում չեն գործում ոչ միայն ոստիկանությունը, այլև մյուս պետական կառույցները։ Բայց, իհարկե, վաղ թե ուշ այս կամ այն չափով կառավարելիություն կհաստատվի։
Հաջորդ փուլը, ըստ իս, լինելու է ներքաղաքական ճգնաժամը՝ Սաակաշվիլու վարկանիշի կտրուկ անկումով։ Այսօր վրացական հասարակությունը դեռ հոգեբանական շոկի մեջ է։ Երբ դա անցնի, երկրի նախագահին անպայման հարց կտան, թե ինչպե՞ս կարող էր այս ամենը տեղի ունենալ։ Եվ այդ հարցը կտան ոչ միայն փախստականները, ինչ-որ բան կորցրած մարդիկ, այլև քաղաքական ընդդիմությունը։ Ինչով կավարտվի այդ ճգնաժամը` այսօր դժվար է ասել, սակայն միարժեք է, որ դրա արդյունքում Վրաստանում ռուսամետ իշխանություն, միևնույն է, չի ձևավորվի։ Երկիրը կշարունակի նույն արտաքին քաղաքական կուրսը՝ արևմտամետ ձևաչափով, ԱՄՆ-ից կրկին կլինեն ֆինանսական հատկացումներ և այլ օգնություն, կվերականգնվեն ճանապարհներն ու կամուրջները, բայց Վրաստանը երկարաժամկետ կտրվածքով կմնա խիստ թուլացած պետություն։ Հարավային Օսիա վրացական ազգաբնակչությունն այլևս չի վերադառնա։ Աբխազիայում մի քիչ այլ իրավիճակ է, որովհետև այս անգամ Գալիի շրջանում վերաբնակված վրացիներն այդտեղից չեն տարհանվել և միգուցե շարունակեն մնալ։
-Բայց աբխազական ղեկավարությունն իր տարածքում կհանդուրժի՞ տասնյակ հազարավոր էթնիկ վրացիների բնակության փաստը։
-Դա դեմոգրաֆիական պրոբլեմ է Աբխազիայի համար։ 1994-ի հրադադարի ժամանակ Աբխազիայից գրեթե բոլոր վրացիները հեռացել էին։ Շուրջ տասը տարվա ընթացքում պարզվեց, որ աբխազները չունեն անհրաժեշտ ռեսուրսներ այդ տարածքը վերաբնակեցնելու համար։ Իսկ դա բարեբեր շրջան է` լավ կլիմայով, հողի բարձր բերքատվությամբ։ Միաժամանակ, հենց Գալիի կողքին, վրացաբնակ հոծ տարածքներն են, Զուգդիդիի շրջանը, որտեղից էլ Գալիից հեռացած փախստականները հետ վերադարձան։ Այսօր, տարբեր գնահատականներով, 40-70 հազար էթնիկ վրացիներ վերաբնակվել են այնտեղ՝ աբխազական ադմինիստրացիայի ղեկավարության ներքո։ Տեսականորեն գուցեև հնարավոր է, որ հետագայում վրացիներին կրկին հարկադրեն այնտեղից հեռանալ, բայց այսօր այդպիսի միտում չեմ տեսնում։
-Հարավային Օսիայի մասով կարծում եք, որ Ցխինվալի շուրջ գտնվող վրացական մոտ 10 գյուղը վերջնականապես դատարկվե՞ց։
-Այո։ Հարավային Օսիայում էթնիկ վրացիներով բնակեցված միակ հատվածը Ախալգորի շրջանն էր, որը լեռնային տարածք է, և հիմնական ճանապարհներն անցնում են բուն Վրաստանի, ոչ թե Հարավային Օսիայի տարածքով։ Այնտեղ էթնիկ վրացիների որոշ մասն այս պահին դեռ մնացել է, բայց ինչպիսին կլինի շրջանի ճակատագիրը, հիմա շատ դժվար է կանխատեսել։ Ցխինվալի շուրջ գտնվող վրացական մոտ 10 գյուղ վրացիներից դատարկվել է, և նրանք այնտեղ այլևս չեն վերադառնա։ Հիշյալ իրողությունը, թերևս, ամենակարևոր հանգամանքն է վրացական իրադարձությունների այս ողջ հանգույցում։ Որովհետև մինչ այժմ Հարավային Օսիան կովկասյան հակամարտությունների միակ գոտին էր, որտեղ 1992-ի հրադադարից հետո անգամ վրացիները և օսերը շարունակում էին ապրել միասին, շերտ-շերտ։ Հարավային Օսիայի ղեկավարությունը չէր վերահսկում ինքնահռչակ հանրապետության տարածքը, և նույնիսկ Ցխինվալ-Վլադիկավկազ ճանապարհը շատ հաճախ շրջափակում էին վրացիները։ Այսինքն, մի իրավիճակ էր, երբ վրացիները և օսերը շարունակաբար հարկադրված էին միմյանց հետ պայմանավորվել։ Նույնիսկ Թբիլիսիում բնակվող վրացին հանգիստ կարող էր գալ Ցխինվալ՝ առևտուր անելու։ Ո՛չ Աբխազիայի, ո՛չ էլ Լեռնային Ղարաբաղի պարագայում հրադադարից հետո պատկերացնել անգամ հնարավոր չէ, որ հակամարտող կողմերի միջև լինեին նման հարաբերություններ։
Այժմ դա վերջացավ, և, ըստ էության, մենք գործ ունենք Հարավային Կովկասում նոր պետական կազմավորման, միատարր բնակչությամբ նոր սուբյեկտի ձևավորման փաստի հետ։ Նկատի ունենալով իսկապես խոշոր այն գումարները, որ վերջին ռազմական գործողություններից հետո Ռուսաստանը ներդնում է Հարավային Օսիայում, միաժամանակ կառուցվելու է բավական լայն տրամագծով գազամուղ, իրականացվելու են լուրջ ներդրումներ տարբեր ոլորտներում, կարելի է ասել, որ վրացիներն այնտեղ չեն վերադառնա, բայց վերջին ռազմական գործողությունների պատճառով հեռացած օսերը, անկասկած, կվերադառնան։
-Եվ այդ նոր սուբյեկտը, փաստորեն, կառավարվելու է Ռուսաստանի՞ց։
-Ոչ այնքան։ Թեպետ, իհարկե, իրեն սահմանակից հարավկովկասյան տարածաշրջաններում ռուսական ազդեցությունը միշտ էլ շատ մեծ է եղել։ Հարավային Օսիայի պարագայում առավել ևս, որովհետև Ռուսաստանի կազմում գոյություն ունի Հյուսիսային Օսիա, իսկ օս ժողովրդի ներկայացուցիչներից տասից ինն ընդհանրապես ապրում է Ռուսաստանում։ Բայց ես կարծում եմ, որ Հարավային Օսիայի ղեկավարությունը կաշխատի սեփական քաղաքականություն ձևավորել, որը, իհարկե, խորքային առումով չի կարող հակադիր լինել ռուսական քաղաքականությանը։ Հանրագումարում կարող ենք ասել, որ Վրաստանն արդեն շատ երկար ժամանակ չի կարող մտածել հարավօսական և աբխազական հակամարտություններն ուժային մեթոդներով լուծելու մասին։ Սա, թերևս, անցած տասն օրերի ընթացքում հաստատագրված երկրորդ իրողությունն է, որ մենք արդեն գործ ունենք խիստ թուլացած Վրաստանի հետ։
-Սակայն Արևմուտքի աջակցությամբ վրացիները կարող են արագ հետ բերել կորցրածը։
-Ոչ։ Եվ հենց այդ հանգամանքն է, որ Հայաստանը պետք է նկատի ունենա, մինչդեռ մեզանում, կարծես, ավելի մտահոգված են երկաթուղային կամուրջների վերականգնմամբ, որոնք առանց մեզ էլ, միևնույն է, կվերականգնվեին։ Վրաստանը շատ լրջորեն է թուլացած, ժողովրդավարական փարոսը, ազատության կղզին, արևմտյան մոդելով զարգանալու լավագույն օրինակը լինելու ձգտումն արդեն վերջացած է։ Այն, ինչ տեղի ունեցավ, երկար տարիներ չի մոռացվի։ Թեպետ ռազմական բյուջեն աշխարհում ամենից արագ էր աճում, բանակը մարզում էին ամենափորձառու հրահանգիչները, Իրաքում կռվում էին ամենաանվախ ահաբեկիչների դեմ, զենքն ամենաժամանակակիցն էր և մատակարարվում էր գրեթե բոլոր կողմերից, բայց այդ ամենը փլուզվեց նույնիսկ ոչ թե մի քանի օրում, այլ մի քանի ժամում։ Հաշվի առեք, որ ռուսներն ամբողջական քաղաքներ էին գրավում առանց որևէ դիմադրության։
Սա նշանակում է, որ երկարաժամկետ կտրվածքով տարածաշրջանն է փոխվել, և Վրաստանին զուգահեռ թուլացավ նաև Ադրբեջանը։ Եթե այնտեղ որոշ վերլուծաբանների համար հասկանալի չէր այն պարզ ճշմարտությունը, որ փողի քանակը կապ չունի մարտունակ բանակ ունենալու հետ, այժմ դա ավելի քան ակնհայտ դարձավ։ Հիմա ուղղակի անհուսորեն վարկաբեկված կամ անչափ երկերեսանի էակ պետք է լինել՝ այդ իրողությունը չտեսնելու համար։
-Իսկ գուցե Բաքվում կարծում են, թե վրացական սցենարն իրենց պարագայում կրկնվել չի՞ կարող։
-Փաստերն այլ բան են ապացուցում։ Հաշվի առնենք, որ վրացական բանակը թվակազմով և զինվածությամբ օսերին գերազանցում էր մի քանի տասնյակ անգամ։ Մինչև ռազմական գործողություններ սկսելը վրացիները կարողացել էին Ցխինվալը շրջապատող բոլոր ռազմավարական բարձունքները գրավել։ Եվ այդքանով հանդերձ, 15 ժամ շարունակ քաղաքը վերջնականապես չկարողացան վերցնել։ Սա այն դեպքում, երբ Հարավային Օսիայի աշխարհազորն ու ուժային կառույցներն իրականում մի քանի հարյուր մարդ է, ոչ ավելի։ Ռուսական բանակը Ցխինվալ մտավ 15 ժամ հետո միայն, և պարզվեց, որ դա բավարար է, որպեսզի վրացական զինված ուժերը ոչ միայն նահանջեն, այլև վերջնականապես կազմալուծվեն։ Թեպետ ռազմական տեսանկյունից ռուսների ցուցանիշներն այնքան էլ դրական չեն. հինգ օրվա ընթացքում 4-8 խփված ինքնաթիռ, գումարած նաև, որ ռազմական գործողությունների ժամանակ անգամ 58-րդ բանակի հրամանատարը վիրավորվեց։
Բայց այս ամենը չէր կարող Ադրբեջանում իր հետևանքը չթողնել։ Այդ սկզբում էր, որ Բաքվում բարձր տրամադրություն էր տիրում, ԱԳՆ-ն հրճվալից հայտարարություն արեց, որոշ քաղաքագետներ շախմատի տախտակի վրա արդեն խաղաքարերն էին շարժում՝ կանխատեսելով, թե Վրաստանի հաղթանակի դեպքում նույն արդյունքին ինչպես է հասնելու Ադրբեջանը։ Հետո տիրեց լռություն, և, իմ կարծիքով, այնտեղ ուղղակի խուճապային տրամադրություն էր, որովհետև իրենք էլ շատ լավ գիտեն՝ Ղարաբաղի և Հարավային Օսիայի միջև անիմաստ է համեմատություն անցկացնելը դիմադրողական ռեսուրսի տեսանկյունից։ Գումարած այն, որ կա Հայաստան, որը նաև ԱՊՀ Հավաքական անվտանգության պայմանագրի անդամ է, և այդ հանգամանքն իր մեջ պարունակում է ռուսական միջամտության հնարավորությունը։
-Սակայն Ադրբեջանը նաև էներգետիկ առումով կարևոր նշանակություն ունեցող երկիր է Արևմուտքի համար։ Համենայն դեպս, իրենք այդպես են համարում։
-Այդ իմաստով էլ մի կարևոր իրողության ականատեսն ենք. Բաքու-Ջեյհան նավթամուղը կանգնած է, վրացական աղբյուրների պնդմամբ՝ ռազմական գործողությունների պատճառով առնվազն ժամանակավորապես շարքից դուրս է եկել Փոթիի նավթային տերմինալը։ Ինչպես տեսնում ենք, դա նավթի համաշխարհային գների վրա ոչ մի կերպ չի ազդում։ Այսինքն, այն թեզը, թե Հարավային Կովկասն աննախադեպ արժեք ունի Արևմուտքի համար, և նավթի արտահանումը կանգնելու դեպքում աշխարհը շուռ կգա, նույնպես կեղծ դուրս եկավ։ Նավթը չի հոսում, բայց միաժամանակ չեն արդարանում արևմտյան կտրուկ միջամտության հետ կապված կանխատեսումները, ինչը նշանակում է, որ տարածաշրջանի ներսից աշխարհին նայող և այն աշխարհի կենտրոնը համարող վերլուծաբաններն առնվազն մի քիչ սխալվել են։
Ստացվում է, որ ամեն ինչ այդքան պարզունակ չէ։ Ռուսաստանը ցույց տվեց, որ ցանկության դեպքում կարող է շատ կտրուկ գործողությունների դիմել իրեն սահմանամերձ տարածքներում, և այդ գործողություններին որևէ լուրջ բան հակադրել հնարավոր չեղավ։ Ի՞նչ արեց Արևմուտքը։ ՆԱՏՕ-ն ասաց՝ ա՜յ-ա՜յ-ա՜յ՝ խոստանալով Ռուսաստանին զրկել ինչ-որ երկրորդական ֆորմատի բանակցություններից։ Ինչը շատ բնական է, որովհետև Եվրոպան Ռուսաստանի գազից չէր հրաժարվելու։ Եվ սա էլ տարածաշրջանում ստեղծված նոր իրավիճակի բնութագրական գծերից մեկն է, շատ կարևոր դրսևորում, որը պիտի գիտակցեն Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում։
-Ի՞նչ եք կարծում, Մոսկվան ձգտելո՞ւ է Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախության միջազգային ճանաչման կամ, գուցե մասնակիորեն, ի՞նքը կդիմի այդպիսի քայլի։
-Համոզված չեմ, որ Ռուսաստանը կդիմի այդ քայլին, շատ բան կախված կլինի Արևմուտքի հետ հակադրության սցենարի հետագա զարգացումից։ Իրավական ճանաչումը ո՛չ Ռուսաստանին, ո՛չ էլ այդ սուբյեկտներին ոչինչ չի տա, որովհետև Կոսովոյի օրինակով չի հանգեցնի այլ պետությունների կողմից Աբխազիայի և Հարավային Օսիայի ճանաչմանը։ Իսկ միայն Ռուսաստանի համար դա ընդամենն իրավական ակտ է։ Գործնականում Ռուսաստանը վաղուց արդեն անձնագրեր էր տրամադրում տարածաշրջանի բնակչությանը, տնտեսական զարգացումը ևս ռուսական միջոցներով և ազդեցությամբ է առաջ ընթանում։ Մոսկվան ցույց տվեց, որ անհրաժեշտության դեպքում իր ռազմական ուժերով պաշտպանելու է օսերին և աբխազներին։ Դրանից ավելի ի՞նչ պետք է լինի։
-Հակառակ տեսանկյունից նայենք խնդրին. Վրաստանն ԱՄՆ-ի կամքով կամ պարտադրանքով ինքն է ճանաչում Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը, ազատվում հակամարտությունների պրոբլեմից և հնարավորություն ստանում ընդունվելու ՆԱՏՕ-ի կազմ։
-Դա այսօրվա պայմաններում պարզապես քաղաքական սպեկուլյացիա է։ Որովհետև այսօրվա Վրաստանում նման բան պատկերացնելն ուղղակի անհնարին է։ Վրաստանի այն նախագահը, որը կդիմի այդ քայլին, ուղղակի կդադարի նախագահ լինելուց։
-ՈՒզում եք ասել, որ այս տարվա դեկտեմբերին Վրաստանը ՆԱՏՕ մտնելու հրավեր չի՞ ստանա։
-Ո՛չ, և դա էլ այս նոր իրադրության շատ կարևոր տարրերից մեկն է։ Հասկանալի է, որ ռուսական բանակը դուրս կգա Վրաստանից, բայց պակաս կարևոր չէ, թե ինչպես դուրս կգա։ Այսինքն, այդ դուրսբերման գործընթացն առնչվելո՞ւ է 15-կիլոմետրանոց ապառազմականացված գոտուն, որ պետք է գոյություն ունենա հակամարտող կողմերի միջև։ Ռուսական խաղաղապահների ի՞նչ նոր զորակազմ է մնալու, ի՞նչ քանակով։ Այդ զորակազմը բաղկացած է լինելու ռուսակա՞ն զորքերից, թե՞ մասամբ օսերից։ Այս հարցերի պատասխանները մենք այսօր չունենք, մինչդեռ դա ամենակարևորն է։ Փաստ է, որ Ռուսաստանը բացառում է խաղաղապահ գործընթացում Վրաստանի զինված ուժերի կրկին ներգրավումը։ Սա նշանակում է, որ այս հարցի շուրջ դեռ երկար բանակցություններ են գնալու, մինչև կձևավորվի խաղաղապահ գործընթացի մասնակից կողմերի միջազգային ֆորմատ։ Այնպես որ, մինչև իրավիճակի թեկուզ հարաբերական կարգավորումը դեռ գործընթաց կգնա, և միայն հանրագումարում հնարավոր կլինի ինչ-որ հետևություններ անել։
Զրուցեց Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 5022

Մեկնաբանություններ